воскресенье, 8 апреля 2018 г.

Ջրանցքից մինչև առեղծվածային սպանություն


Մինչ ապրիլի 7-ին շատերը նշում էին օրվա խորհուրդը, Ավագ դպրոցի աշխարհագրության խումբը ուղևորվեց դեպի Դալմայի ջրանցք, Հրազդանի կիրճ։ Եղանակը բարեհաջող էր, խումբը՝ ուրախ և սպասումով լի, ոչ մի խանգարող հանգամանք չկար հետազոտել- բացահայտելու։ Անցանք Կիլիկիա ավտոկայանի հատվածով, բակերով ու հասանք ջրանցքին: Դալմայի ջրանցքի երկարությունը 6,5 կմ է: Միգուցե շատերը գիտեն, կարդացել են, բայցևայնպես ավելորդ չեմ համարում պատմել ջրանցքի կառուցման պատմությունը:


Երևանի Հյուսեին Ղուլի խանը ժամանակին կանչում է իր խանության բոլոր հմուտ առու կառուցողներին և հրամայում է նրանց որոնել և գտնել վաղեմի ջրանցքի ակը։ Բազմաթիվ վարպետ-արհեստավորների բոլոր ջանքերը կատարելու խանի հրամանը՝ ապարդյուն են անցնում։Այնուհետև խանը վարպետներ է կանչում այլ շրջաններից: Նրանք գետի եզերքը բռնելով գնում են ջուրն ի վեր և, վերջապես, հասնում այն տեղը, ուր երևում էին վաղեմի ջրանցքի հետքերը։ Սկսում են օր ու գիշեր աշխատել, մինչև որ կարողանում են խցված ակը բացել՝ դեոմլե անել, քանդվածը վերաշինել, լցվածը մաքրել։ Դրանից հետո ջուրն առատ հոսում է դաշտն ի վեր ու ոռոգում գետի մյուս ափին տարածված անծառ, անտունկ անապատը։ Ջրանցքի անունը դնում են Դալմա՝ Դեոլմե, որ նշանակում է պեղած, ծակած: Ճիշտ է այսօր էլ դուք չեք տեսնի Դալմայի այգիները, որոնք Երևանի թոքերն են եղել, բայց դրա փոխարեն մի կանաչ ծառ կտեսնեք Դալմա առևտրի կենտրոնի դիմապատին: Հաղթանակի կամուրջի մոտից իջանք դեպի Հրազդանի կիրճ: Այստեղ դեպի Արարատ կոնյակի գործարանի կողմ նայող ջրանցքը գնում է դեպի Էջմիածին, իսկ եկեղեցու կողից հոսողը՝ Արարատյան դաշտ: Դեպի Էջմիածին հոսող ջանցքն ավելի ջրառատ էր ու մաքուր: Շարունակելով մի քիչ պատմեմ մեր անցկացրած ժամանակից Հրազդանի կիրճում։ Երկար քայլարշավից հետո որոշեցինք հանգստանալ գետի ափին: Մի քիչ նստեցինք,ջրով խաղացինք, զրուցեցինք:Երբ գետի ափին էինք, մի պապիկ նկատեց մեզ, մոտեցավ, սկսեց հարց ու փորձ անել ու հետո մի հետաքրքիր պատմություն պատմեց: Ասաց, որ մենք շատ պատմական վայրի մոտ ենք.Ակսել Բակունցին բերել են այս կիրճ և ասել փորի քո գերեզմանը: Դրանով փորձել են դաժանորեն «երկարացնել» նրա կյանքը։ Երբ փոսը փորել ավարտել է, Ակսելը՝ որպես վերջին ցանկություն, ծխախոտ է խնդրել. ոչինչ չստանալով՝ չոր խոտ է պոկել, ծայրից վառել, ծուխը քաշել է և գնդակահարվել։ Պատմությունից գիտենք, որ նա գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով: Այս վարկածը ապացուցված չէ, ներկա գտնված ոստիկաններից մեկի պատմածի վրա է հիմնված,ըստ պապիկի։ Պատմությունը ինձ շատ հուզեց: Ակսել Բակունցը, Եղիշե Չարենցը համարվում են անհետ կորած։ Այս վարկածի վրա հիմնված կարծիքի համաձայն՝ մարմինը թաղվել է Սուրբ Սարգիս եկեղեցու հենց ներքևի մասում։ Հուսանք , որ մի օր կբացահայտվի այս սարսափելի ոճրագործությունը։ Իրականում չէի ուզում մեր ուրախ ու հաճելի օրը տխուր երանգներով համեմեի,բայց պապիկի պատումը հետաքրքիր էր և կիսվելու ցանկությունս մեծ էր: Հրազդանի կիրճը երևանյան տապից փախչելու ամենալավ վայրն է, որն էլ մենք արեցինք: Այսքանն էի ուզում Ձեզ ներկայացնել։ Ցանկանում եմ նշել, որ մեր հաջորդ կետը Էրեբունու ջրանցքն է:

Комментариев нет:

Отправить комментарий