Առողջագիտություն

Բոլոր նյութերս՝ http://mik-ayel.blogspot.am/2017/02/blog-post_84.html

Վնասվածքներ 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Դադարեցրեք արյունահոսությունը և նվազեցրեք այտուցն ու ցավը։ Դրա համար՝
Բարձրացրեք վնասված մասը։
Սահմանափակեք վնասված մասի շարժումները։
Սառեցրեք վնասված մասը։ Վնասվածքը ստանալու պահից սկսած 24-48 ժամվա ընթացքում սառեցրեք վնասված մասը՝ դնելով սառը թրջոցներ կամ սառցապարկեր։ Մաշկի և սառցապարկի միջև միշտ դրեք որևէ սրբիչ կամ գործվածքի կտոր;
Ահազանգեք շտապ օգնություն կամ անհապաղ դիմեք բժշկական օգնության, եթե տուժածն ուժեղ ցավ է զգում, չի կարողանում շարժել վնասված մասը կամ երբ ենթադրում եք, որ վնասվածք առաջացնող պատճառը բավական լուրջ է։

Մի խաբվեք փակ վնասվածքների արտաքին տեսքով՝ դրանք որպես հասարակ կապտուկ ընդունելով, քանի որ հնարավոր է ներքին օրգանների կամ խորանիստ խոշոր արյունատար անոթների վնասում։

ՎԵՐՔԵՐ

Վերքը փափուկ հյուսվածքների վնասվածք է, որն ուղեկցվում է մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով։ Վերքերը վտանգավոր են վարակի ներթափանցման, արյունահոսության և ցավի պատճառով։ Անկախ վնասվածքի ծանրությունից, մաշկի ցանկացած բաց վնասվածք մուտքի դուռ է հանդիսանում ախտածին մանրէների ներթափանցման համար, քանի որ թե՛ մաշկի, թե՛ շրջակա բոլոր առարկաների վրա և օդում միշտ առկա են բազմաթիվ մանրէներ։ Այս ճանապարհով ներթափանցող վարակների ծանր ձևերից են փայտացումը և կատաղությունը (տե'ս "ՓԱՅՏԱՑՈՒՄ", "ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ")։ Փայտացման հարուցչի ներթափանցման վտանգը հատկապես մեծ է հողով աղտոտված, խորը և ջնջխված վերքերի դեպքում, իսկ կատաղությունը փոխանցվում է հիվանդ կենդանու կծելուց։ Նման վնասվածքներ ստանալուց անմիջապես հետո անհրաժեշտ է այդ հիվանդությունների դեմ պատվաստում ստանալ։

Արյունատար անոթների և նյարդերի վնասման հետևանքով վերքերն արյունահոսում են և ցավոտ են։ Արյունահոսության ուժգնությունը կախված է վնասված անոթների տեսակից ու չափերից։ Վերքից դուրս հոսող արյունը որոշ չափով օգնում է հեռացնել ախտածին մանրէները։ Երբեմն արտաքին արյունահոսությունը կարող է լինել աննշան, սակայն դա չի բացառում ուժեղ ներքին արյունահոսության հնարավորությունը։ Ցավի ուժգնությունը ևս միշտ չի արտացոլում վնասվածքի ծանրությունը։ Վերքերն ավելի ցավոտ են, եթե տեղակայված են հարուստ նյարդավորում ունեցող շրջաններում, օրինակ՝ դեմքի և պարանոցի, ձեռքի ափի կամ սեռական օրգանների շրջանում։

Ըստ վնասվածքի բնույթի, տարբերում են հետևյալ վերքերը՝ քերծվածք, ծակած, կտրած, պատռած, պոկած և ջնջխված վերքեր։

Քերծվածքը մաշկի և լորձաթաղանթների մակերեսային վնասվածքն է։ Մաշկի նյարդային վերջավորությունների վնասման և գրգռման պատճառով քերծվածքները հիմնականում ցավոտ են լինում։ Քերծվածքի դեպքում արյունահոսությունը հեշտությամբ դադարում է, քանի որ վնասվում են միայն մազանոթները։ Քերծվածք առաջացնող պայմաններն այնպիսին են, որ սովորաբար վնասված մաշկի մակերեսը մեծ է, և կեղտն ու մանրէները հեշտությամբ թափանցում են վերքի մեջ։ Լայնատարած քերծվածքների դեպքում կարող է պահանջվել բժշկական միջամտություն։

Ծակած վերքերը կետային, խորը, փոքր մակերես ունեցող վերքերն են։ Դրանք սովորաբար առաջանում են այնպիսի իրերից, ինչպիսիք են դանակը, սանդը, ապակու կտորները կամ կենդանու ճանկերը։ Մաշկի առաձգականության շնորհիվ արտաքինից վերքի բացվածքը հիմնականում շատ փոքր է և կարող է համարյա անտեսանելի լինել։ Արտաքին արյունահոսությունը հաճախ աննշան է, ոչ ուժեղ։ Ծակած վերքերի դեպքում մեծ է վարակման վտանգը։ Ծակած վերքերը հաճախ թափանցում են մարմնի այս կամ այն խոռոչը։ Այս առումով մեծ է ներքին արյունահոսության, ներքին օրգանների վնասման վտանգը։

Կտրած վերքերը հարթ եզրերով վերքերն են։ Դրանք սովորաբար առաջանում են այնպիսի իրերից, ինչպիսիք են դանակը, մկրատը, կոտրված ապակու կտորը և այլն։ Կտրած վերքի դեպքում շրջակա հյուսվածքները վնասված չեն։ Կտրած վերքերը սովորաբար առատ արյունահոսում են և ցավոտ են։

Պատռած վերքերը անհարթ եզրերով վերքերն են։ Կարող են առաջանալ ինչպես սուր, այնպես էլ բութ առարկաների հարվածից։ Պատռվածքը սովորաբար առաջանում է մարմնի այն մասերում, որտեղ ոսկրերը մաշկին մոտ են գտնվում, օրինակ՝ ճակատին, կզակի շրջանում, սրունքի առաջային մակերեսին և այլն։ Սրանք ևս հաճախ ուժեղ արյունահոսում են և ցավոտ են։ Սակայն, ի տարբերություն կտրած վերքի, պատռած վերքն ավելի դժվար է լավանում, և հետո կարող է կոպիտ սպի մնալ։

Պոկած վերքերը փափուկ հյուսվածքների հատվածի մասամբ կամ ամբողջովին պոկումով ուղեկցվող վերքերն են։ Կարող են առաջանալ ինչպես սուր, այնպես էլ բութ առարկաների հարվածից; Մասամբ պոկված հյուսվածքի կտորը լինում է մի մասով մարմնին կպած։ Այն կարող է անբնականորեն շրջված լինել։ Վերքից կախված հյուսվածքները մի՛ պոկեք։ Փորձեք դնել պոկված հյուսվածքի կտորները նախկին բնական դիրքով և, սեղմելով, վիրակապեք վերքը։ Պոկած վերքերը սովորաբար խորն են լինում և ուժեղ արյունահոսում են։

Ջնջխված վերքերը փափուկ հյուսվածքների տարածուն ճզմումով և վնասումով ուղեկցվող վերքերն են։ Ջնջխված վերքերն առաջանում են, երբ տուժածի վրա որևէ ծանր առարկա է ընկնում, օրինակ՝ շինության փլուզման կամ մեքենայի շրջվելու դեպքում։ Ջնջխված վերքերը հաճախ շատ ծանր են լինում, քանի որ փափուկ հյուսվածքների տարածուն վնասվածքները սովորաբար ուղեկցվում են ոսկրերի կոտրվածքներով կամ ներքին օրգանների վնասումով։ Հնարավորության դեպքում, պատահարից անմիջապես հետո, հեռացրեք ճնշող առարկան, սակայն արեք դա զգուշորեն, որպեսզի առարկան կրկին չընկնի տուժածի վրա։

Ըստ վերքի առաջացման պատճառների, տարբերում են նաև կծած և հրազենային վերքեր։

Կծած վերքերն առաջանում են կենդանիների և մարդու կծելուց։ Այս վերքերն աղտոտված են թքով և շատ վտանգավոր են վարակման տեսակետից:

Հրազենային վերքերը հրազենային գնդակից և բեկորներից առաջացած վերքերն են։ Դրանք կարող են լինել միջանցիկ (ունեն մուտքի և ելքի անցքեր) կամ կույր (ունեն միայն մուտքի անցք)։ Այս վնասվածքները հաճախ ուղեկցվում են ոսկրերի կոտրվածքներով և ներքին օրգանների տարածուն վնասմամբ։ Հատուկ ուշադրություն դարձրեք հրազենային վերքի ելքի անցքին, քանի որ այն շատ ավելի մեծ և վտանգավոր է լինում, քան մուտքինը։ Ականի պայթյունից առաջացած բեկորային վերքերը լինում են բազմաթիվ, արտաքին տեսքն անկանոն է։ Հրազենային վերքերի դեպքում մեծ է ուժեղ արտաքին և ներքին արյունահոսության վտանգը։

ՎԱՐԱԿԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ

Նույնիսկ փոքր վերքերի մշակման ժամանակ միշտ անհրաժեշտ է կատարել քայլեր՝ վարակի ներթափանցումը նվազեցնելու ուղղությամբ, որովհետև մանրէները կարող են մարդու մարմին ներթափանցել նույնիսկ ամենափոքր վերքով։ Առաջին օգնություն ցուցաբերելիս դուք պետք է պաշտպանեք վարակումից թե՛ տուժածին, թե՛ ձեզ։ Վերքը մշակելիս կատարեք հետևյալ գործողությունները,

Լվացեք ձեռքերն օճառով և ջրով` վերքը մշակելուց առաջ և հետո։
Խուսափեք վերքին անմիջական դիպչելուց։
Աշխատեք օգտվել ստերիլ ձեռնոցներից։ Ձեռնոցները հագնելուց հետո հետևեք, որ դրանք չկեղտոտվեն, ձեռք մի՛ տվեք այլ առարկաների։ Օգտագործված ձեռնոցները մի՛ փորձեք մաքրել կամ երկրորդ անգամ օգտագործել: Օգտագործած ձեռնոցները հանեք ներսի մակերեսից բռնած և շրջեք հակառակ երեսով, գցեք հատուկ առանձնացված աղբատուփի մեջ։
Աշխատեք օգտագործել միայն ստերիլ վիրակապական միջոցներ։

ՎԵՐՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Վերքերի մշակման ժամանակ հիմնական նպատակն արյունահոսության դադարեցումն ու վարակի ներթափանցման նվազեցումն է:


Տուժածին օգնություն ցուցաբերելիս նախ պարզեք վերքի վտանգավորության աստիճանը։ Քիչ վտանգավոր են համարվում մակերեսային, 2,5 սմ-ից ոչ մեծ չափեր ունեցող և հեշտ դադարեցվող կամ աննշան արյունահոսությամբ ուղեկցվող վերքերը։ Մնացած բոլոր վերքերը համարվում են վտանգավոր և պահանջում են բժշկական միջամտություն։


Комментариев нет:

Отправить комментарий